factor.am Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն կիրակի երեկոյան ներկայացրել է իր նոր կառավարությունը՝ վերանշանակվելուց ընդամենը երկու օր անց, գրում է Politico-ն։
Նոր կաբինետը բաղկացած է ինչպես պետական ծառայողներից, այնպես էլ քաղաքական գործիչներից, այդ թվում՝ մի քանի պաշտոնյա, որոնք նշանակվել էին անցյալ շաբաթ Լըկորնյուի՝ կառավարություն կազմելու առաջին փորձի ժամանակ։ Այդ կազմի շուրջ դժգոհությունը 39-ամյա վարչապետին դրդել էր հրաժարական տալ ընդամենը 14 ժամ անց՝ Ֆրանսիան մղելով ճգնաժամի մեջ։
Նոր կառավարության կազմում մնացել են արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը, բյուջետային հարցերի նախարար Ամելի դը Մոնշալենը և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, որոնք պաշտոնավարում են այս տարվա սկզբից: Նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Ռոլան Լեսկյուրը, որը Լըկորնյուի չկայացած կառավարությունում նշանակվել էր էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, նույնպես կմնա պաշտոնում:
Լեսկյուրը դժվարին խնդրի առաջ է կանգնած՝ ընդունել հաջորդ տարվա բյուջեն՝ միաժամանակ կրճատելով Ֆրանսիայի պետական ծախսերի հսկայական դեֆիցիտը, որը մտահոգում է ֆինանսական շուկաներին և միջազգային հաստատություններին: Ակնկալվում է, որ Լըկորնուն երկուշաբթի կհրապարակի իր հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը և առաջիկա օրերին Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթում կներկայացնի իր քաղաքականության առաջնահերթությունները:
Պահպանողական Կատրին Վոտրինը, որը նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է առողջապահության և աշխատանքի նախարարի պաշտոնը, նշանակվել է զինված ուժերի նոր նախարար։ Պահպանողական Աննի Ժենևարը և Ռաշիդա Դաթին (վերջինը հաջորդ տարի առաջադրվելու է Փարիզի քաղաքապետի պաշտոնում) կշարունակեն պաշտոնավարել, համապատասխանաբար, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների պաշտոնում։ Նրանց ընդգրկումը կառավարությունում նշանակում է, որ երեքն էլ այլևս չեն կարող պնդել, որ պահպանողական «Հանրապետականներ» կուսակցությունից են, ասվում է կուսակցության կիրակի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը նախորդ ուրբաթ քվեարկել է Ֆրանսիայի հաջորդ կառավարության կազմում ընդգրկվելու դեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում