«Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել | civilnet.am

civilnet.am Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել տեղահանված, զոհվածների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող արցախցիներին, ինչպես նաև բենզալցակայանի պայթյունի զոհ դարձած ընտանիքներին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի հարցը և արցախցիների խնդիրները փակված չեն։

«Մեծ սպասելիքներ այսօրվա իշխանություններից չունենք, բայց փորձում ենք ելքեր գտնել։ Այսօրվա այս ֆորմատով հանդիպման նպատակը հետևյալն է՝ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ և Արցախցիների ցավը իրենց ցավն է, սատար կանգնեն Արցախցիներին»։

Իսկանդարյանը հիշեցրեց, որ 2023-ի բռնի տեղահանությունից հետո առաջինը հենց Հայաստանում ապրող քաղաքացիներն էին, որ ընդունեցին արցախցիներին, և ապա՝ կառավարությունը ստանձնեց սոցիալական խնդիրների լուծման պարտականությունը։ Սակայն, ըստ նրա, վերջին ամիսներին աջակցության ծրագրերը կամ կրճատվել են, կամ գործելու են միայն մինչև տարեվերջ։

«Հուլիսի 1-ից աջակցության 40 + 10 ծրագիրը դարձել է 30,000 դրամ և այն գործելու է մինչև տարվա վերջ։ Մենք չգիտենք, այնուհետև ինչպիսի ծրագրեր են լինելու, եթե իհարկե դրանք լինելու են»,– ասաց նա։

Նա նաև արձանագրեց, որ բնակարանային աջակցության ծրագրերն իրենց կառուցվածքով չեն լուծում փոքր կազմով ընտանիքների խնդիրները։

«Ակնհայտ էր, որ փոքր ընտանիքները՝ մեկ, երկու կամ երեք անդամներից բաղկացած ընտանիքները, այդ բնակարանային ծրագրով չեն կարողանալու, ուրեմն, տանիք ունենալ»,– նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումներում, սակայն խոստումները մնացել են անկատար։

Իսկանդարյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրվել են նաև խաբեության դեպքեր։

«Վերջին օրերին ականատեսն ենք լինում անձանց, որոնց խաբեությամբ հափշտակել են նրանց գումարները և բնակարաններ չեն տրամադրել։ Ունենք նմանատիպ փաստեր, ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում»։

Նա շեշտեց նաև «պայթյունով զոհվածների ընտանիքների» կարգավիճակի հարցը՝ հիշեցնելով, որ դատարանը ճանաչել է, որ դեպքը եղել է պատերազմի հետևանք, սակայն կառավարությունը շարունակում է այդ հարցը թողնել օրակարգից դուրս։

«Կառավարությունը խոստացավ մեզ պայթյունից զոհված ընտանիքների կարգավիճակի հարցը լուծել, բայց մինչ օրս այդ խոստումները, ինչպես ասեցի, մնացել են քննարկման մակարդակում, ինչը անընդունելի է»,– հայտարարեց Իսկանդարյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ