armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի խորհրդարանում ելույթում հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնագիր կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք, երբ դուք պատրաստ լինեք, և դա կլինի Իրանի կայացրած երբևէ ամենալավ որոշումը, և դա տեղի կունենա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Բարեկամության և համագործակցության ձեռքը բաց է: Նրանք (Իրանը) ցանկանում են համաձայնության գալ: Հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք դա անել», – հավելել է Թրամփը Քնեսեթում իր ելույթում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը լուրջ հարվածների է ենթարկվել հունիսին, և չի վերսկսի իր միջուկային ծրագիրը: Նա միևնույն ժամանակ ասել է, որ Իրանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը «հրաշալի կլիներ», և իր թիմը կարող է դա անել, բայց նախ պետք է «զբաղվել Ռուսաստանի հարցով»:
Իրանական կողմն ավելի վաղ մերժել էր Շարմ էլ Շեյխում Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ Թեհրանը նախապատվություն է տալիս դիվանագիտական շփումներին, սակայն Իրանի ղեկավարությունը չի կարող շփումներ ունենալ այն գործընկերների հետ, որոնք հարձակվել են իրանցի ժողովրդի վրա և շարունակում են սպառնալ ու պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ: