Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ներկայացվել են տարբեր փաստաթղթեր, այդ թվում, իբր, Հայաստանի զինված ուժերին պատկանող մի շարք գաղտնի փաստաթղթեր: Դատարանում ցուցադրվել են նաև այդ փաստաթղթերի լուսանկարները: Դրանք, իբր, ապացուցում են, որ Հայաստանի զինված ուժերի տարբեր կառույցներին, ինչպես նաև Արցախի բանակին տրվել են տարբեր ռազմական առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեին Արցախի տարածքում։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի 2016 թվականի մայիսի 4-ի գաղտնի հրամանը, օրինակ, բացահայտում է, թե «ինքնահռչակ կազմավորման բանակի հրամանատարին հրամայվել է «6-րդ պաշտպանական շրջանի» հակատանկային խրամատները հողաշերտով հագեցնել և օգտագործել որպես միջանկյալ խրամատներ ու պաշտպանական գիծ, միացնել և ամրապնդել «9-րդ պաշտպանական շրջանի» հակատանկային խրամատները, ինչպես նաև քողարկել մարտական շարքում գտնվող միջոցները»։
Դատարանում ցուցադրվել է նաև, իբր, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գնդապետ Վ.Սարգսյանի համատեղ գաղտնի հրամանը մարտական առաքելության մասին, որը կազմվել է Երևանում 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, թիվ 016 համարով։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։