Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա՛մ հպանցիկ է խոսվում, կա՛մ շրջանցվում է. Տիգրան Աբրահամյանը ծանոթացել է 44-օրյայի զեկույցին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի ու եզրափակիչ մասի ընթերցումից հետո տպավորություն ունեմ, որ եթե դա Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավ»ր Տիգրան Աբրահամյանը։

«Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլված են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի և նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում:

Նաև շատ պարզ է, թե ինչու չի հրապարակվել այս զեկույցը:

Որքան էլ Փաշինյանը փորձել է արդարանալ, պարտության պատասխանատվությունը բաշխել բանակի, ներքին և արտաքին ուժերի ուժերի վրա, նույնիսկ այս փաստաթղթում է ակնհայտ, որ մեր ժողովրդի համար աղետալի էջի ու որպես հետևանք դրան հաջորդած պարտությունների շղթայի գլխավոր պատասխանատուն հենց իշխանության գլխին կանգնածն է` Փաշինյանը:

Կոնկրետ պատերազմական վճռական փուլերի մասին կա´մ հպանցիկ է խոսվում, կա´մ շրջանցվում է. հասկանալի է, որ իշխանությունը հստակ գիտի, որ իր որոշումները, ուշացումով հակաքայլերը, իսկ որոշ դեպքերում` քաղաքական որոշումների բացակայությունները մեր երկրին դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հրել են դեպի դաժան պարտության:

Թեև ներկայացված է տարբեր ստորաբաժանումների գործողությունները, նաև նրանց, որոնք ըստ զեկույցի հեղինակների ինքնակամ լքել են մարտադաշտը, հրաման չեն կատարել և այլն, սակայն փաստաթղթում շատ հստակ արտացոլված է այն հանգամանքը, որ հավաքական առումով, բանակը համառ կռիվ է տվել, շատ դեպքերում` խիստ անհավասար պայքարում և պետք է ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր այն նվիրյալներին, ովքեր պայքարեցին, դիմադրեցին և իրենց նվիրվածությունը հայրենիքին ի ցույց դրեցին ռազմաճակատում:

Այսպիսի բանակով պարտվել հնարավոր էր միայն քաղաքական ղեկավարության լիակատար տապալումների, ռազմաքաղաքական իրադրության սխալ գնահատումների, դիվանագիտական ձախողումների և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ քայքայիչ գործողությունների պայմաններում»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու մասին: Որոշումը բացատրվեց նրանով, որ ժամկետների հետ կապված խնդիրներ կան։ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ իրենց հանձնաժողովի կազմած զեկույը «ժամկետանց» չէ:

Զեկույցն «արխիվացնելու» որոշումը նշանակում է, որ այս փաստաթուղթը չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում կամ հանրային լսումների ձևաչափով։

Չնայած զեկույցը հանրային քննարկման չի դրվելու, Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ գաղտնի չի պահվի։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, որոնք ունեն պետական գաղտնիքի հետ աշխատելու թույլտվություն, կարող են ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ