Նուբար Աֆեյանը հույս ունի, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ ջանքերը կպսակվեն հաջողությամբ | armenpress.am

armenpress.am Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և վարչության նախագահ Նուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հարցին։

Լրագրողների հետ զրույցում Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է՝ անդադար աշխատանք են տանում, որ թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ այլ երկրների ղեկավարներն այդ հարցին ուշադրություն դարձնեն։ «Փորձում են, հուսով եմ, որ կհաջողենք։ Ես գիտեմ, որ թեման կարևոր է, և տաբեր երկրներից էլ այս հարցը բարձրացվում է։ Հուսով եմ, որ վերջիվերջո այս խաղաղության գործընթացը կհանգեցնի խաղաղության և արդարության։ Ես հավատում եմ, որ խաղաղությունը կարևոր է բոլոր տեսանկյուններից»,-ասաց Աֆեյանը։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ