ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | armenpress.am

armenpress.am Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Միրզոյանը հայտնեց իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ արձանագրելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան տեղի է ունենում նոր իրողություններում:

«Մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները՝ և՛ պայմանագրի նախաստորագրումը, և՛ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում, և՛ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է, և մենք նաև ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարմանը, այս իրողությունները նոր են նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանն այժմ պետք է ԵԱՀԿ-ում իր մասնակցութան համար բացահայտի համագործակցության նոր հարթություններ:

«Մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական համագործակցության հնարավորություններով, նաև բնապահպանական, շրջակա միջավայրի հետ կապված հարցերով: Մենք մեծապես հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս և հետագա նախագահությունների ժամանակ ևս կնպաստի հետագա խաղաղության ամրապնդմանը և սա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլ՝ ԵԱՀԿ ամբողջ գոտուն»,- նշեց նախարարը:

Արարատ Միրզոյանն ընգծեց՝ կարևոր է ուշադրություն դարձնել նաև ժողովուրդների միջև թշնամանքի վերացմանը:

«Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է տեսնել ուժեղ և արդյունավետ ԵԱՀԿ և ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում ԵԱՀԿ-ն կարիք ունի մասնակից պետությունների կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտին անսասան հավատարմության՝ այդ կերպ ամրապնդելու կազմակերպության արդյունավետությունն ու դիմակայունութունը, որպեսզի այն իր առաջնային մանդատին համապատասխան կարողանա նպաստել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում անվտանգությանն ու կայունությանը, հարաբերությունների կարգավորմանը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխելուն, խախտված իրավունքների վերականգնման ջանքերին»,-նշեց Միրզոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը վերահաստատեց՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ամբողջ գոտում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ