Ավարտվեց 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։
Ավիվա մարզադաշտում ընթացող ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Խաղի սկզբին Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը գլխի շրջանում վնասվածք ստացավ։
Իսկ արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկին Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ մրցակցին գլխով հարվածելու պատճառով։ Երկու թիմերի միջև լարվածությունը սկսվել էր, սակայն, դրանից րոպեներ առաջ տեղի ունեցած իրավիճակից, երբ Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը հարվածեց դարպասապահ Հենրի Ավագյանին՝ դրա համար ստանալով դեղին քարտ։
Այսպիսով, Հայաստանը 51-րդ րոպեից խաղը շարունակեց 10 հոգով։
Դրանից հետո Իռլանդիայի հավաքականը սկսեց սեղմել օղակը՝ մի քանի անգամ փորձելով գրավել մեր հավաքականի դարպասը, բայց դարպասապահ Հենրի Ավագյանին հաջողվեց մի քանի անգամ փրկել իրավիճակը։ Միայն 70-րդ րոպեին անկյունային հարվածից հետո Իռլանդիայի հավաքականից Էվան Ֆերգյուսոնը գոլի հեղինակ դարձավ։
Այս գոլը միակն էր խաղի ընթացքում։
Միաժամանակ ընթացող Պորտուգալիա-Հունգարիա հանդիպումն ավարտվեց հավասար՝ 2-2 հաշվով՝ թույլ տալով Հունգարիային ամրապնդել իր 2-րդ տեղը աղյուսակում։
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 3 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։ Առաջին տեղում Պորտուգալիայի հավաքականն է, երրորդ տեղում՝ Իռլանդիայի։
