Ինչպես արդեն հայտնել ենք, Արագածոտնի թեմի 5 հոգևորական է այսօր բերման ենթարկվել։ Փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արա Զոհրաբյանը նշեցին, որ հաղորդումը, որի հիման կատարվել են ՔԿ գործողությունները, վերաբերել է Տեր Արամի հայտարարությանը, որը նա արել է Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։
«Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին», – նշել էր Տեր Արամը։ Հարցին, թե եթե ասեր, որ չի գնալու ցույցի, ինչ կլիներ, Տեր Արամը պատասխանել էր, որ խնդիրներ կլինեին։
Փաստաբանները նշեցին նաև, որ հարցազրույցի հիման վրա Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանն է հաղորդում ներկայացրել։
ԻՔՄ-ն հաստատել է՝ նշելով, որ պահանջել են քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները։
«Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»,- նշված է ԻՔՄ հայտարարության մեջ։