– 5 տարի է, ոնց որ մենք դատվենք,- զոհված զինծառայողների ծնողների այս դժգոհությամբ այսօր դատարանում սկսվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։
2020 թ․ հոկտեմբերի 9-ին ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու այս գործով դատաքննությունն ավարտական փուլում էր, երբ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը տեղափոխվեց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Այսօր նոր դատավորի՝ Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ առաջին դատական նիստն էր։
Նիստի սկզբում դատավոր Պետրոսյանը հայտնեց, որ ինքը եւս անմասն չի մնացել 44-օրյա պատերազմի կորուստներից, ուստի հասկանում եւ կիսում է ծնողների վիշտը, բայց միաժամանակ խնդրում է առավելագույնս զերծ մնալ հույզերին տրվելուց։
Դատավորը տեղեկացրեց, որ գործը վարույթ ընդունելով՝ որոշում է կայացրել քննությունն իրականացնել գործող դատավարական օրենսգրքի կարգավորումներով (մինչ այս գործը քննվել է Քրեական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորումներին համապատասխան), քանի որ առարկայազուրկ է համարում արդեն 3 տարի ուժը կորցրած օրենսգրքով առաջնորդվելը։
Դատարանը քննության առարկա դարձրեց խափանման միջոցի հարցը
Սկսելով նախնական դատալսումները՝ նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը անդրադարձավ այս փուլում քննության ենթակա հարցերին։ Դրանց թվում էր խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը դիրքորոշում հայտնեց, որ քանի որ անձը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելն անհրաժեշտ է, պարզապես կարիք կա նախկին օրենսգրքով կիրառված «երկրից չհեռանալու մասին ստորագրությունը» փոխարինել գործող օրենսգրքով սահմանված «բացակայելու երգելք» խափանման միջոցով։ Հիշեցնենք՝ 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Նրան սպառնում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում։
Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը միացավ մեղադրողի դիրքորոշմանը։
Հարություն Օհանյանը եւս դիրքորոշում հայտնեց՝ նշելով, որ իրենք ի սկզբանե համաձայն չեն եղել, որ մեղադրյալն ազատության մեջ գտնվի, բայց ստիպված համաձայնել են, որպեսզի գործի քննությունն արագ ընթանա․ «Բայց դե, գլխներիս եկավ, ինչ որ եկավ»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ մի քանի տուժողների տուն գործի հետ կապված այցեր են եղել, այդ թվում՝ Գլխավոր շտաբից, եւ իրենք այդ այցերը դիտարկում են որպես գործի քննության խոչընդոտում։

Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց, որ Վերանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կպահպանվի․ չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինվեց բացակայելու արգելքով։
Մեղադրողը գույքային հայցը կներկայացնի գրավոր
Քննության ենթակա հաջորդ հարցը վերաբերում էր գույքային հայցին։ Քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում եւ պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը: Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

– Մենք նրա հետ միայն կյանքի հարց ունենք, նա պիտի նստի, ուրիշ ոչինչ մեզ պետք չէ,- արձագանքեցին տուժողների իրավահաջորդները։
Դատախազ Հայկ Մարգարյանն էլ հայտնեց՝ նախորդ դատաքննության ժամանակ ինքն արդեն քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցում։ Նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը մեղադրողին ժամանակ տրամադրեց դա գրավոր տարբերակով ներկայացնելու եւ դատավարական գործող օրենսգրքին համապատասխանեցնելու համար։ Միաժամանակ դատավորը տեղեկացրեց, որ դատարանի համոզմունքն այն է, որ դատավարական օրենսգիրքը չի նույնացնում մեղադրյալին եւ գույքային պատասխանողին, ուստի պարտադիր չէ, որ գույքային հայցի հարուցումից հետո մեղադրյալը լրացուցիչ կարգավիճակ ստանա։ Մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանն առարկեց դատարանի դիրքորոշման դեմ՝ նշելով, որ այդպիսով, պաշտպանական կողմը հայցից պաշտպանվելու հնարավորություն չի ունենա։
Մեղադրողը խնդրեց առաջնորդվել իրավունքի գերակայությամբ
Նախքան դատական նիստի հետաձգումը հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ասաց՝ իրենց խնդրանքն է, որ դատարանն առաջնորդվի իրավունքի գերակայությամբ եւ գնա այն ճանապարհով, որի դեպքում դատաքննությունը զրոյից չի վերսկսվի․
– Պատվարժա՛ն դատարան, դեպքից անցել է 5 տարի 6 օր, գործը դատարան է մուտք եղել, եթե չեմ սխալվում, 2021 թ մայիսին, 4 տարի եւ ավելի գտնվում էինք դատաքննության փուլում, տեսել ենք բազմաթիվ փորձություններ, ունենք 18 տուժողի իրավահաջորդ, ունենք տուժողների սպասում արդարադատությունից, գործի ողջամիտ ժամկետում քննության հնարավոր ժամկետները սպառել ենք այնքանով, որ ամեն ինչ արել ենք հասնելու վերջնարդյունքին, եւ ի պատիվ թե՛ դատավարության մասնակիցների, թե՛ դատավորների, կարողացել ենք այնպես անել, որ հասել ենք մի կետի, երբ ենթադրվում էր, որ լինելու է ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդություն, որը իրավացիորեն բավարարվել է, ԳՇ պետի կողմից ներկայացվել է լուրջ մասնագիտացում ունեցող զինվորականների ցանկ, նրանք արդեն իսկ կապի մեջ են դատարանի հետ․․․ Բոլոր մասնակիցների համար սույն դատաքննությունը նախորդիվ հասել էր իր եզրակետին, սպասում էինք, որ 1-2 , առավելագույնը 6 ամսից կունենայինք փորձագիտական եզրակացություն, որը կլիներ հիմնասյուն վերդիկտ կայացնելու համար․․․ Այս ամբողջի համատեքսում ես չեմ պատկերացնում․․․ Ես էլ դեռ մի կող, տուժողները առհասարակ չեն պատկերացնում ապացույցների հետազոտում զրոյական կետից իրավունքի տեսանկյունից, սույն դատավարությունն ավելի արդյունավետ իրականացնելու տեսանկյունից, ինչո՞ւ չէ, նաեւ մեղադրյալի իրավունքների տեսանկյունից (այսօր նա դեռ անմեղ է եւ մեղադրյալի կարգավիճակում արդեն 5 տարի գտնվում է որոշակի սահմանափակումների ներքո)»,- ասաց մեղադրողը՝ խնդրելով դատարանին ներկայացնել իր դիրքորոշումը, որպեսզի կողմերը հասկանան՝ ինչպես են շարունակելու։
Դիրքորոշում հայտնեց նաեւ տուժող Հարություն Օհանյանը, որը նաեւ դեպքի ականատես վկա է․ «4 տարի է՝ 2 անգամ եկել հասել ենք էն փուլին, որ պիտի վերդիկտ կայացնի, մի դատավորի լիազորություններից զրկեցին, էս դատավորին տարան բարձր պաշտոնի, էստեղ մենք չենք մեղավոր, արդարադատությունն է մեղավոր, պիտի նայեն՝ ինչ դատավոր է, ինչ գործ․․․ էս 4 տարվա մեջ հազիվ ինձ զսպել եմ, իմ էրեխուն, իմ ընկերներին, մնացածին, լեզուս կծել եմ, ասել եմ՝ հլը նստի, տեսնենք՝ ինչ է լինելու․․․ Եթե էլի 5 տարի գնաց, ես իմ վրա վստահ չեմ, մարդ ենք, կարանք նենց բան մեզ թույլ տանք, որ մենք էլ մեզ չներենք, բայց մենք էդ սաղ թողել ենք, եկել ենք արդարադատության հետեւից, որ օրենքը որոշի՝ էս մարդը ճիշտ է արել թե սխալ է արել․․․ Կամ դատավորը կուզենա՝ սենց հրամանատար մի հատ էլ իր տղուն հասներ․․․ Հարյուր հատ վկա են միջնորդել, մի տարի մենակ վկա են բերել, որոնք էս դատի հետ կապ չունեին․․․ Եթե դատավորը կուզենա իրականությունը իմանա, ես էնտեղ եմ եղել, էս մարդու էրեխեն էնտեղ է եղել, միակն է, որ ողջ է մնացել․․․ Կարաք մեզ լսեք, բայց որ ընկնեք, նորից 50 հատ վկա լսեք․․․»։
Մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը, սակայն, այլ դիրքորոշման էր․ «Ես ինքս հասկանում եմ, գրեթե 2 տարի էլ ես եմ անցել այս ճանապարհը, բայց ունենք օրենսդրական հստակ պահանջ, որի անտեսումը, կարծում եմ, հետագայում դատական ակտի բեկանման հիմք է հանդիսանալու»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ իր ներգրավվելու պահից իր կամ Վերանյանի պատճառով նիստ չի հետաձգվել, եւ հայտնելով, որ իրենք պատրաստ են ամենայն ինտենսիվությամբ գործը քննել։
Պաշտպանի այս առարկությունը զայրացրեց դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներին։ Կողմերի միջեւ վեճ սկսվեց, որից հետո նիստն ընդմիջվեց։ Ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Ընդմիջումից հետո դատավորը վերստին հույզերը զսպելու կոչ արեց՝ տեղեկացնելով, որ անթույլատրելի վարքագծի կրկնության դեպքում կարող են կիրառվել դատավարական սանկցիաներ․ «Դատարանը խնդրում, հորդորում եւ պահանջում է հնարավորինս խուսափել զգացմունքներից տրվելուց, սույն դատական նիստը անձնական տիպի հարաբերություններին տրվելու հարթակ չէ։ Միաժամանակ հայտնում եմ, որ դատարանը դեռեւս դիտարկում չի կատարել, թե որ փուլից, ինչպես է կատարվելու սույն գործի դատաքննությունը»,- նշեց Լեւոն Պետրոսյանը՝ հավելելով, որ նախորդիվ նշանակված փորձաքննությունն ուժի մեջ է, եւ դա խոչընդոտ չէ դատաքննության շարունակման համար։
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 20-ին։
Գլխավոր լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները
