44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը երեկ դատարանում ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։
Երկու նիստ շարունակ վկային տրվող անվերջանալի հարցերն ու պարբերաբար կռվի վերածվող հարցաքննության ընթացքը, ըստ ամենայնի, ստիպեցին Մակարյանին հրապարակել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Էջմիածնի քիմիկների զորամասի անձնակազմի մասնակցությամբ մարտական գործողության մտահղացման պլանը։
Այդ օրը, հիշեցնենք, հայկական երկու խմբավորում «Սյունիք-Սովխոզ» եւ «Ներքին Հանդ» ուղղություններով պետք է մեկներ Կովսական (Զանգելան) քաղաքի մերձակա տարածք եւ «սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ, Կիրի հանքում կանգնելու փոխարեն խորացել է մինչեւ Կովսական քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ Մակարյանի զորախումբը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, նահանջել է։
Երկու խմբավորումների հրամանատարներն այժմ ամբաստանյալի աթոռին են։
Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Նրանք մեղադրանքները չեն ընդունում։
Երեկ դատակոչված վկան պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանն էր, որին հարցեր տալու պաշտպանական կողմի հերթն էր։ Անդրանիկ Մակարյանը նրանից հետաքրքրվեց՝ ո՞րն էր նպատակը, որ Արսեն Աբգարյանի խմբավորումը պետք է կանգ առներ Կիրի հանքի տարածքում։ Տեսնելով, որ վկան իր հարցի պատասխանին լիարժեք չի տիրապետում, Մակարյանն անձամբ մանրամասներ հրապարակեց․
«Երբ ստացել ենք համապատասխան կարգադրությունը, դրա մեջ եղել է 2 կարեւորագույն դրույթ․ առաջին՝ հակառակորդի խմբերի հայտնաբերման դեպքում որոնման կամ սանրման եղանակով ոչնչացնել նրանց, երկրորդ՝ ստեղծել պաշտպանական հանգույցներ հակառակորդի հարձակումը Կովսական-Կապան ուղղությամբ բացառելու համար։ Տեղեկությունները հակառակորդի մասին եղել են կցկտուր, նախնական տեղեկությամբ ամենից շատ՝ 40 հոգի, մի տեղից մերժվում էին, մի տեղից հաստատվում։ Չկար հնարավորություն օդային եղանակով ստուգելու։ Ելնելով սրանից, գնահատելով զորքերի կազմերը, հակառակորդի վերաբերյալ ունեցած տեղեկությունները, տարածքի առանձնահատկությունները՝ որոշել ենք երկու զորամասերի ավելի փորձառու զինծառայողներից ստեղծել 2 համահավաք խումբ․ առաջին ուղղությունը՝ Ներքին Հանդ՝ 50+12 հետախույզ կազմով, երկրորդ ուղղությունը՝ դեպի Կովսական՝ 50+12։ Մտահղացումը հետեւյալն էր․ քանի որ մենք հակառակորդի մասին տեղեկություններ չունեինք, եղածն էլ կցկտուր էր, եւ քանի որ հակառակորդի հավանական հարձակման բնագիծը Ներքին Հանդ գյուղից էր սկսվում, առաջին խումբը ստացել է խնդիր՝ հենց Ներքին Հանդից բացազատվել եւ տեղանքը հետազոտելով գնալ մինչեւ Կովսական։ Դա կլիներ 15-16 ժամ, քանի որ սանրման աշխատանքներն իրականացվում են տարածքը հետազոտելով, ժամում՝ 1․5 կմ։ Այսինքն՝ մոտ 16-17 ժ պետք էր, որ զբաղեցնեինք բնագիծ Կովսականի մատույցներում։ Եթե կհայտնաբերեինք հակառակորդի 40-50-հոգանոց քանակությունը, Արսեն Աբգարյանի խմբին հրաման կտայի՝ գալ առաջ։ Այդ նպատակով էր Աբգարյանի խումբը խնդիր ստացել Սյունիք գյուղից դուրս գալ եւ Կիրի հանքի ոստիկանական հենակետում իջնել, ուրիշ ոչ մի խնդիր չուներ։ Ինչ հրաման որ լիներ, պիտի լիներ այն, որը 16-17 ժամ հետո կկայացնեինք Կովսականի մատույցներում։ Եթե հայտնաբերեինք այն խմբին, որին հայտնաբերեց Աբգարյանի խումբը, ընկնելով դարանի մեջ, միանշանակ հրամանը կլիներ անցնել պաշտպանության։ Դրա համար Ամբարյանի խմբավորումը դուրս էր գալու Կիրի հանք եւ կապավորների հետ մտնելու էր խնդիր կատարելու, ոչ թե միանգամից դուրս էինք գալու, եւ սկսեր գործողությունները։ Ասվել է՝ հենակետից ոչ մի քայլ առաջ առանց իմ հրամանի, խնդիր է դրվել նաեւ լինել մշտական բջջային կապի մեջ։ Արդեն ընդհարվելով հակառակորդի բազմաքանակ խմբավորման հետ՝ անցել ենք պաշտպանության։ Մենք Կովսական մտնելու հնարավորություն չենք ունեցել, դրա համար պիտի ունենայինք սպառազինություն, տեխնիկա եւ մեծ անձնակազմ։ Մենք ի՞նչ պիտի անեինք մեր թեթեւ զենքերով, խնդիրը չէինք կատարի եւ կունենայինք կրկնակի իզոհեր, ո՞րն է դրա արդյունավետությունը։ Արդյունքում, մենք ունեցել ենք պաշտպանական դիրքեր Սյունիք բնականավայրից 23 կմ հեռու՝ դեպի հակառակորդի տարածքը, ու այդ բնագիծը պահել ենք մինչեւ դեկտեմբերի վերջ՝ դրանով իսկ ապահովելով ամբողջ Կապանի տարածաշրջանը հակառակորդի հարձակումից, սա է եղել ամբողջ մտահղացումը, այսքանը»,- նշեց Մակարյանը։
– Ամսի 20-ին սահմանապահ զորքը հետ էր գնում, խի՞ հաջորդ օրը տարար էրեխեքին,- արձագանքելով նրա ելույթին՝ վրդովվեցին դահլիճում գտնվող ծնողները։
Փոխգնդապետ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն էլ հարցաքննության ընթացքում անդրադարձավ մեկ այլ դրվագի։ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանը մեղադրվում է նաեւ վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ Աբգարյանը ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանին թույլատրել է դուրս գալ զորամասի մշտական տեղակայման վայրից՝ նշված փաստը որեւէ կերպ չհրամանագրելով, իսկ հետագայում հանձնարարել է նրան հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։
- Դուք Ձեր ցուցմունքում նշեցիք, որ զինծառայողներից մեկի համար միջնորդագիր եք ներկայացրել, որպեսզի նա մասնակցի զոհված հարազատի հուղարկավորությանը։ Կմանրամասնե՞ք։
- Ինչքան հիշում եմ, գտնվում էինք Կապանում։ Քանի որ իմ ենթականերից էր, մոտեցավ, ասաց՝ հորեղբոր տղան է զոհվել, եթե հնարավոր է, 2-3 օր ով գնա, գա։ Ասել եմ փոխգնդապետ Ժամհարյանին, միջնորդել ենք զեկուցագիր ենք ներկայացրել, գնացել է, մասնակցել է, հետ է եկել։
- Նման կարգի լիազորություն ռազմական դրության ժամանակ ունեցե՞լ եք։
- Դրա համար մենք թույլ չենք տվել, մենք վերադասին ենք դիմել։
- Ո՞վ է թույլ տվել։
- Մակարյանը, ես տենց գիտեմ։
- Դրանով ծառայությանը էական վնաս պատճառվե՞լ է, խաթարվե՞լ է ծառայության բնականոն ընթացքը։
- Ոչ։ Եթե շատ կարեւոր զինծառայող լինի, հնարավոր է, բայց էս դեպքում նրա բացակայությամբ ոչ մի բան չի կատարվել։ - Ի՞նչ կոչում է ունեցել։
- Կապիտան։
- Իսկ զինվոր ենթասպայի դեպքում հնարավո՞ր է խաթարվի։
- Չէ։
- Իսկ ծանր հետեւանքներ հնարավո՞ր է առաջացնի։
- Նորից անձով է պայմանավորված։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն առարկեց նույնաբովանդակ հարցերի դեմ, պաշտպանն էլ պարզաբանեց՝ իր հարցերը բխում են մեղադրական եզրակացությունից․ «Եվ ես փորձում եմ պարզել՝ ինչպես է ստացվում, որ նույն զորամասից կոչումով կապիտանին թույլատրվում է լքել զորամասը, եւ դա ծանր հետեւանք չի առաջացնում, իսկ այն պարագայում, երբ Արսեն Աբգարյանը թույլատրում է մի ենթասպայի բացակայել նույն պատճառաբանությամբ՝ զոհված հարազատին փնտրելու եւ հուղարկավորելու, նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ, որի համար նախատեսված է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։
Նախագահող դատավորը թույլ տվեց շարունակել հարցաքննությունը։
- Որպես զինվորականի եմ հարցնում․ ի՞նչ պիտի տեղի ունենար զորամասում, որ դրանով խաթարվեր ծառայությունը կամ դա հանգեցներ ծանր հետեւանքի։
- Նախ, կապիտան Նշանյանը որպես վաշտի հրամանատար ներգրավված չի եղել, ես եմ եղել, բոլորը եղել են, ոնց որ զինվոր՝ խնդիր կատարող, Նշանյանի բացակայությունով, որ եղել է 3 օր, ոչ մի խնդիր չի առաջացել, ես իր փոխարեն ուրիշ մարդ եմ տարել իմ հետ։
- Այն պարագայում, երբ 147-հոգանոց կազմով Քիմիկների զորամասը մեկնում է Մեղրի, եւ անհրաժեշտ է լինում 50-հոգանոց անձնակազմ, տվյալ ենթասպայի բացակայությունը կարո՞ղ է խաթարել մարտական ծառայության բնականոն ընթացքը։
- Եթե շատ կարեւոր դեմք է, այո։
- Ենթապսա է։
- Ուզում է՝ շարքային լինի․ եթե շատ կարեւոր խնդիր կատարող լինի․․․ Եթե ինչպես բոլորն են, ոչ,- պատասխանեց վկան։
Մեղադրող Նավասարդյանն էլ շեշտեց՝ Աբգարյանի մեղադրանքը վերաբերում է զինծառայողի՝ սահմանված ժամկետում չվերադառնալուն եւ հետագայում դա այլ կերպ ձեւակերպելուն։
Վկա Իսախանյանը նախորդ դատական նիստին ցուցմունք տալիս ասել էր, որ Մակարյանի հրամանով վերադարձել են զորամաս՝ առավոտյան համալրված կազմով քիմիկներին օգնության գնալու մտադրությամբ, սակայն այդպես էլ չեն գնացել։
Այս դրվագի վերաբերյալ էլ նրան մի շարք հարցեր հղեց տուժող կողմը։
- Զրահաբաճկոններ ունեի՞ք,- հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։
- Մի քանի հոգի․ նախքան պատերազմը մեր զորամասը հաստիքով չի ունեցել։
- Հրաման կա՞ր հակառակորդին հայտնաբերելու դեպքում ոչնչացնել։
- Ես կոնկրետ տվել եմ հրաման։
- Էդ դեպքում զորքիդ ո՞ւր էիր չպաշտպանված տանում՝ առանց ժիլետ, առանց նռնակ, այսինքն՝ մի հատ ավտոմատով կարող էիք ոչնչացնե՞լ։
- Հնարավոր է հա, հնարավոր է չէ։
- Որ նախապես գիտեիք՝ հակառակորդը մոտ 25 հոգի է, ձեր 62 հոգով ինչի՞ չգնացիք օգնության, ո՞նց կարողացաք հետ գալ որպես սպա։
- Մենք գիտեինք, որ հաջորդ օրը առավոտյան պիտի հետ գնայինք․․․ Էդ օրը ասվել է՝ հետ ենք գնում, պատրաստվենք վաղվան։
- Մեկդ տղամարդավարի չասե՞ց՝ ուր ենք հետ գնում, երկաթը տաք-տաք են ծեծում։ - Մենք մի քանի ժամ կանգնած ենք եղել, սպասել ենք հրամանի։ Եթե սպասում էինք լրացուցիչ ուժերի․․․
- Եղբայր, 20-25 հոգի էին, ի՞նչ լրացուցիչ ուժ։
- Պատասխան չունեմ։
- 7 օրից լրանում է տղերքի անհետ կորելու 5 տարին, 5 տարի գլուխդ հանգիստ բարձին դնո՞ւմ ես։
- Եթե մի փոքր հնարավորություն լիներ, եթե ունենայինք ուժ․․․,- արձագանքեց վկան։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ մյուս խմբավորման հրամանատարի՝ Արսեն Աբգարյանի հետ կապի միջոց ունեի՞ն։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ինքն ունեցել է իր հրամանատարի՝ Աշոտ Ժամհարյանի հետ, թե նա ում հետ է ունեցել, չի կարող ասել․
- Որպես կապավոր՝ Ձեզ համար որքա՞ն էր խելամիտ եւ ճիշտ՝ առանց կապի միջոցի մյուս խմբավորման ղեկավարի հետ իրականացնել համատեղ գործողություն։
- Ես, ինչքանով հիշում եմ, այդ օրերից հետո փոխգնդապետ Ժամհարյանը սկսել է զբաղվել կապի խնդրով, բնականաբար, առանց կապի միջոցի գնալը ճիշտ չէ, բայց այդ ժամանակ վերահաղորդիչներ տեղադրված չեն եղել։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 21-ին։