Չինաստանը պատասխանել է ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը | armenpress.am

armenpress.am Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։

«Չինաստանը հաստատակամորեն հերքում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները, իրավասությունների ընդլայնումը և հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև», – ասել է Լյու Պենյույը։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության ներսում օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ և օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին, հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։

Պենյույն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր նաև, որ Չինաստանը պատրաստ է առևտրային պատերազմի Միացյալ Նահանգների հետ, բայց նաև բաց է մնում բանակցությունների համար:

Նշենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։

«Ինձ համար հաճելի չէր, որ Հնդկաստանը նավթ է գնում, և այսօր նա (խմբ․ – Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի։ Սա մեծ քայլ է։ Հիմա մենք պատրաստվում ենք հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել էր Թրամփը։

Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Թրամփի այս հայտարարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ