Կդադարեցվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Համապատասխան որոշման նախագծին չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն տվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի ընթացքում:
Ըստ հիմնավորման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն ը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից:
Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց , որտեղ մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների): Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է անում հայկական իշխանություններին շուտ փակել այն»:
Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:
«Նախագծով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: