Կառավարությունը ողջունում է ԱԺ ՔՊ խմբակցության առաջարկը պարզեցնելու ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նա ներկայացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով նախատեսվում է հայտարարգրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ տևական ժամանակ՝ մուտք գործելու համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշգրտությունը, և ըստ այդմ՝ կատարելու անհրաժեշտ փոփոխություններ: Իսկ եթե չկա փոփոխությունների անհրաժեշտություն, ապա վերջնաժամկետին հայտարարագիրը կհամարվի ներկայացված:
«Քանի որ այս պարագայում չի լինելու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվության միջոցը՝ նախազգուշացում, ապա՝ տուգանք»,- նշեց Պողոսյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ նախատեսված հետվճարները ստանալու համար անհրաժեշտ կլինի մուտք գործել և հաստատում իրականացնել:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ նախատեսվում է Կառավարությանը իրավասություն վերապահել սահմանելու որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ոչ ենթակա կլինեն և եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմ լրանալուց հետո:
Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկում քննարկվում են, օրինակ, ներգրավված միջոցները՝ փոխառությունների, վարկերի, օվերդարաֆթների միջոցով:
Պողոսյանը ներկայացրեց նաև նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկները:
«Կառավարությունն առաջարկում է, որ ընտանիքի անդամների միջև փոխանցվող չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա»,- ասաց նա՝ նշե;ով, որ երկրորդ առաջարկն այն է, որ երրորդ անձանց կողմից փոխանցվող ֆինանսական միջոցների մասին տեղեկատվութոյւնը հարկային մարմինը ստանա հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մի շարք տվյալներ ներկայացրեց՝ մասնավորապես նշելով, որ 130 000 մարդու ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նրանց ավելի քան 60%-ը ինքնաշխատ ներկայացված հայտարարագրում ոչ մի փոփոխություն չի արել:
Նրանց 79%-ը լրացրել են տվյալներ, որոնք մեծ հաշվով կարող են հասանելի դառնալ Կառավարությանը, մասնավորապես՝ վարկերը և փոխառությունները: