armenpress.am Հայաստանի կառավարությունը շարունակում է Բաքվում պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքը:
Այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ, իմ մոտեցումն այն է՝ քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում, երբ որ կլինի, կլինի նաև հայտարարություն»,-ասաց վարչապետը:
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։