azatutyun.am «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության: Մարուքյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել գործադիրի այն որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հեռացվելու է պետական սահմանը հատելու կնիքի վրայից:
Մարուքյանի կարծիքով՝ կառավարության որոշումը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին. «Որպես քաղաքացի դիմել եմ դատարան, ես պնդում եմ, որ Սահմանադրությամբ պաշտպանված իմ ազգային ինքնության իրավունքը, իմ ազգային իրավունքին գումարած մարդկային արժանապատվությունն այս իմաստով նաև ոտնահարվելու է և քանի դեռ չի սկսել ոտնահարվել, դատարանից պահանջում եմ կասեցնել և անվավեր ճանաչել:
Եթե մեզ հաջողվի այս փուլում այս ամեն ինչի դեմն առնել, մենք թույլ չենք տա, որ նրանք հասնեն նաև զինանշանին»:
Գործադիրն որոշումն ընդունել է սեպտեմբերի սկզբին չզեկուցվող ընթացակարգով, այն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից: Պատճառների մասին փաստաթղթում չկա ոչ մի հիմնավորում: Հետագայում արդեն, երբ թեմայի վերաբերյալ աղկում բարձրացավ, և հնչեցին քննադատություններ, իշխանական տարբեր ներկայացուցիչներ բացատրեցին, որ Հայաստանի կնիքները չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկեն հարևաններին՝ համահունչ լինելով իրական Հայաստանի գաղափարախոսությանը:
Նման մի բացատրություն էլ անուղղակի կերպով տվել էր վարչապետը. «Դու քո տոնը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ, առավել ևս արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չի ունենալ այն, ինչ ունի, և ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, և այլն, նոր էլեմենտներ ես ավելացնում … Սկզբունքորեն ի՞նչ ա՝ մեկ ա սահմանիդ մեջ ես և այլն, բայց դա նյարդ ա, դա նյարդայացնելու է ու դառնալու է վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում