Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի հետ կապված հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի հետ կապված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախ նշել է, որ բարեվարքության համակարգը զարգացող ոլորտ է և յուրաքանչյուր տարի նոր կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտ է վարքագիծը համապատասխանեցնել համակարգի տարրերին: Հաջորդիվ՝ Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումը և այլ սահմանափակումներ՝ պայմանավորված պաշտոնական պարտականությունների կատարմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի սկզբունքներին ու կանոններին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել բարեվարքության գնահատման մեխանիզմների ու կառուցակարգերի շարունակական բարելավման շուրջ:

Վարչապետը կարևորել է բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, հանձնարարել գույքագրել ներկայացված առաջարկությունները, կարծիքները, դիտարկումները, հասցեագրել դրանք ըստ իրավասու մարմինների և համապատասխան կարգավորումներ իրականացնել: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև այս ձևաչափով պարբերական հանդիպումների կազմակերպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն