factor.am 2024թ․ ապրիլի 24-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Արփի Փաշինյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից շուրջ մեկ տարի անց գործով դատավճիռն է հրապարակվել։ Դատավորը որոշել է 375 հազար դրամ տուգանք սահմանել մեղադրյալ Տիգրան Դերմոյանի նկատմամբ։
«Դատարանը հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Դերմոյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարած հանցանքի համար»,- նշվում է դատավճռում։
Վարույթը հարուցվել էր առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու առթիվ։ 7 անձ էր ձերբակալվել, սակայն դեպքից 2 օր անց միայն Տիգրան Դերմոյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։ Վերջինիս հագին առկա սև գույնի սպորտային կիսաթև բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել էր Ազգային ժողովրդական բևեռի այցեքարտը։
Ըստ մեղադրանքի՝ 2024-ի ապրիլի 24-ին Դերմոյանը շուրջ 10 րոպե տևողությամբ հնչեցրել էր հետևյալ հրապարակային վանկարկումները. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թշնամի», «Նիկոլ թուրք», որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով։
Դատարանում հարցաքննվել են նաև Աննա Հակոբյանի անվտանգության աշխատակիցները։ Վկա Գրիգոր Կարապետյանը հայտնել է, որ այդ օրը ծառայություն է իրականացրել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ և ծառայության ընթացքում՝ մոտավորապես ժամը 12։00-ի սահմաններում, ԱԺԲ-ի անդամներն են գնացել և քայլել դեպի խորան՝ ծաղիկներ խոնարհելու, այդ ժամանակ ամեն ինչ հանգիստ է եղել, ինչ-որ արտառոց բան չեն նկատել, այնուհետև՝ րոպեներ անց, լսել են վանկարկումներ՝ «դավաճան» և այլն, որից հետո ներս են մտել խորան և տեսել են այնտեղ բղավողների մի խմբի և առաջին տիկնոջը երեխայի հետ, ու փորձել են իրավիճակը հանդարտեցնել, որ այդ ամենը չշարունակվի։ Նշել է, որ իր կարծիքով, այնտեղ խաղաղ կոչեր ու հայտարարություններ չէին հնչում։ Հայտնել է, որ առաջինը ինքն է արձագանքել բղավոցներին ու գնացել դեպի խորան, չի նկատել, որ Աննա Հակոբյանը սադրել է հավաքվածներին կամ ինչ-որ բան է ասել նրանց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում