Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։
Ադրբեջանական պետական APA գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական հեղաշրջման պլան։ Նշվում է, որ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել էր ադրբեջանական AZAL ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում ՌԴ ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու դեպքից։
Նշվում է, որ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024թ․ դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ […]
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Ըստ հրապարակման՝ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։