Քրեական վարույթ է նախաձեռնվել Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության առթիվ

ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Քննչական կոմիտեից «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեցին, որ այս պահին քրեական վարույթի շրջանակում որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում հոգևորականները։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

Հոգեևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։

Մայր աթոռը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ․ «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ