Ընտանեկան բռնության պատճառով Երևանում ապաստանած Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
«Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02», – նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Բայմուրադովան ընտանեկան բռնության պատճառով փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ SK SOS ճգնաժամային խումբը սոցցանցերում հայտարարություն էր տարածել, որ ո՛չ նրա, ո՛չ էլ այն անձի հետ, որին հանդիպելու էր գնացել, կապ հաստատել չի հաջողվում։ Ընկերները մտավախություն ունեն, որ նրան առևանգել և բռնի ուժով տուն են վերադարձրել։