Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։
Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։
Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։
Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։
Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:
Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: