Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ թե՛ համայնքապետարանի ներսում, թե՛ բակում: Բակում քաղաքացիները փորձում են մուտք գործել շենք, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժերը փակ են պահում դրանք: Ժամանակ առ ժամանակ քաղաքացիները փորձում են հրելով բացել ոստիկանական շղթան, ինչից քաշքշուկ և իրարանցում է սկսվում:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացնում են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:
«Ցայգ» ՀԸ-ի՝ տեղում աշխատող լրագրող Հրաչ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քաղաքի կարի արտադրամասերից մեկի տնօրենի տանը ևս կատարվում են գործողություններ: Նշենք, որ իրավապահների տարածած ձայնագրության մեջ հնչում է Գոմցյան ազգանունը: Հայտնի է, որ «Ֆաբրիկա» խանութների ցանցի սեփականատերն է Սևակ Գոմցյանը։
Քիչ առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ քաղաքապետարանում ընթացող գործողություններն ուղղված են քաղաքապետին հեռացնելուն:
«Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին: Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։ Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ:
Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն իր հերթին կոչ է արել գյումրեցիներին հավաքվել քաղաքապետարանի բակում և շրջապատել շենքը՝ «պաշտպանելու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շահերը»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան ու կառավարող ուժի այլ ներկայացուցչություններ անդրադարձել են Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին:
«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով»,- գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ թույլ չեն տալու 2026-ին կրկնել սա համապետական մասշտաբով:
Ընդդմիադիր մի շարք գործիչներ ևս արձագանքել են զարգացումներին՝ համայնքապետարանում տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում:
«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որ ինքը կողմ է, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը Բելառուսի ձևով:
«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- ասել էր Փաշինյանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որը իր գործընկերների հետ գնում է Գյումրի, ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևան-Գյումրի ողջ մայրուղին ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումներ տեղափոխող ավտոբուսներ ու բեռնատարներ են։