Վարդան Ղուկասյանին իրավապահները դուրս են բերել համայնքապետարանի մուտքերից մեկից եւ, ըստ ամենայնի, բերման ենթարկել։ Տեսանյութը՝ այստեղ։
«Վարդան Ղուկասյանին, ըստ էության, տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Ղուկասյանի պաշտպանը:
Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելուց հետո Գյումրիում մի պահ լարվեց, այժմ իրավիճակն ավելի հանդարտ է, հաղորդում է «Ինֆոքոմի» թղթակիցը։
Ոստիկանները որոշ քաղաքացիների բերման ենթարկեցին։
Գործողոթյունների ավարտից հետո ոստիկանները լքում են Գյումրու Վարդանանց հրապարակը։
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը դուրս էր եկել իր աշխատասենյակից և հայտարարել, որ կգնա իրավապահների հետ․ «Մենք կգնանք, խնդիր չունենք, ոչ մի բան չենք արել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացնում են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: