«Մեր ձևով» շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան։
««Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։
Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ, հասնելու են բոլորին։ Ու, եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացրել են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:
Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված էր։ Քաղաքապետարանի բակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները. տեղակայված են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Քաղաքապոտարանի ներսում դիմակավորված ԱԱԾ-ականներ կային, որոնք վերահսկում էին ելքերը:
Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև այլ անձանց։