Գյումրիում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կամիտեից տեղեկացնում են, որ այսօր Գյումրիում Գյումրու համայանքապետի ու ևս 7 անձի ձերբակալման  գործի շրջանականերում իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից իրականացվել են քննչական գործողություններ, որոնց կատարմանն աջակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները։

Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։

2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:

Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացրել են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:

Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված էր։ Քաղաքապետարանի բակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները. տեղակայված են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Քաղաքապոտարանի ներսում դիմակավորված ԱԱԾ-ականներ կային, որոնք վերահսկում էին ելքերը:

Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև այլ անձանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն