ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները:
Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն:
ԿԳՄՍ նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ պատգամավոր Քնարիկ Հարությունյանն ահազանգել էր, որ Գյումրիում մանկապարտեզները փակ են, աշխատակիցներին ստիպում են հավաքների մասնակցել:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացրել են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:
Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված էր։ Քաղաքապոտարանի ներսում դիմակավորված ԱԱԾ-ականներ կային, որոնք վերահսկում էին ելքերը: Քաղաքապետարանի բակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները. տեղակայված են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Քաղաքացիների և ուժայինների միջև պարբերաբար տեղի էր ունենում քաշքշուկ։ ՔԿ-ից հայտնել են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև այլ անձանց։