factor.am Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանը ձերբակալվել է՝ կալանքի տարվելու նպատակով։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Սա նշանակում է, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նա տարվում է Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի նրան մեղադրանք ներկայացվի, որից հետո դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդություն։
Նշենք, որ այս ռեժիմով անձին ձերբակալելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում դատարան կալանքի միջնորդություն ներկայացնի, և ձերբակալումը չի կարող տևել ավելի երկար, քան 24 ժամը։
Այսինքն՝ եթե Ղուկասյանի անազատության մեջ գտնվելու պահից 24 ժամվա ընթացքում նրա վերաբերյալ կալանքի որոշում չլինի, ապա պետք է ազատ արձակվի։ Ղուկասյանի վերաբերյալ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք ստանալուն։
Քննչական կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որում Ղուկասյանին վերագրվում է գումարի վերաբերյալ ինչ-որ խոսակցություն։ Փաստաբանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հայատարարել է, որ ինքն ուրախ կլինի, եթե գործով բացահայտվի, թե ով ինչ է արել։
«Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը հանցագործություն է արել, ապա դրա բացահայտումը մինաշնանակ ողջունելի է»,- Ղուկասյանի խոսքը փոխանցեց Արամայիս Հայրապետյանը։ Մեր դիտարկմանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Ղուկասյանի ու ևս մեկ անձի միջև գումարի վերաբերյալ խոսակցության ձայնագրություն, փաստաբանն ասաց, որ հրապարակված ձայնագրության մեջ կաշառք պահանջելու մասին խոսակցություն չկա։ «Ինքը գումարի մասին է խոսում։ Թե ինչ գումարի մասին է խոսում, դա կաշառքի հետ առհասարակ կապ չունի»,- ասաց Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ հրապարակված ձայնագրության մեջ ո՛չ կաշառք պահանջելու, ո՛չ տալու մասին խոսք չկա։
«Իսկ ինձ մոտ եղած փաստաթղթերի մեջ խոսքը գնում է 2024 թվականի դեկտեմբերին, 2025 թվականի փետրվարին կատարված գործողությունների մասին, իսկ Վարդան Ղուկասյանը ո՛չ 2024 թվականի դեկտեմբերին, ո՛չ 2025-ի փետրվարին Գյումրու քաղաքապետ չի եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում իրավապահներն առավոտից Գյումրիի համայնքապետարանում իրականացրել են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով 8 անձի, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշում կա: Կոմիտեն որպես փաստական տվյալ հրապարակել է Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:
Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված էր։ Քաղաքապոտարանի ներսում դիմակավորված ԱԱԾ-ականներ կային, որոնք վերահսկում էին ելքերը: Քաղաքապետարանի բակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները. տեղակայված են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Քաղաքացիների և ուժայինների միջև պարբերաբար տեղի էր ունենում քաշքշուկ։ ՔԿ-ից հայտնել են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև այլ անձանց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում