Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։
«Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Բացի այդ՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք,, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:
Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք՝ այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 2 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։