Սեւան, Արթիկ, Վեդի, Վարդենիս, Տաշիր, Զորական․․․ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս տեղանունները միավորում է մեկ բան․ արդեն 4 տարի զոհված զինծառայողների հարազատները Հայաստանի այս տարբեր անկյուններից գալիս են Երեւան՝ տարբեր դատարաններից արդարության հաստատման ակնկալիքով։
Խոսքը այն 18 զինծառայողների մասին է, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 9-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածի զոհն են դարձել, ըստ քրեական գործի, այն պայմաններում, երբ հրամանատար Անդրանիկ Վերանյանը մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած երկնքում ԱԹՍ-ի առկայությանը։
Գործն արդեն 5-րդ դատավորի՝ Լեւոն Պետրոսյանի վարույթում է։ Վերջինս այն ստանձնելով, որոշում է կայացրել գործի քննությունը իրականացնել Քրեական դատավարության գործող օրենսգրքի կանոններով (մինչ այս գործը քննվել է նախկին օրենսգրքի կանոններով), ինչով պայմանավորված տուժող կողմն այսօր նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ օրենքն անընդհատ փոխվում է»
Բանն այն է, որ Քրեական դատավարության գործող օրենսգիրքը (ընդունվել է 2021 թ․-ին, ուժի մեջ մտել 2022 թ․-ին) սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո վարույթը սկսվում է նորից (հոդված 269)։ Սա նշանակում է, որ հետազոտված բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, նշանակված փորձաքննությունները զրոյանում են։ Համանման կարգավորում առկա էր նաեւ նախկին օրենսգրքում (ընդունվել է 1998 թ․)՝ փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ․ դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է: Դատական պրակտիկայում պատահել են դեպքեր, երբ դատարանները, առարկություն չունենալով եւ առաջնորդվելով արդարադատության շահով, գործի քննությունը վերսկսելը մեկնաբանել են որպես ընդհատված կետից շարունակել եւ այդպես էլ վարվել են։
Այժմ տուժող կողմի կարծիքով՝ նոր դատավորը, գործող օրենսգրքի կարգավորումներով գործը ստանձնելով, ինքն իրեն զրկել է այն ընդհատված կետից շարունակելու հնարավորությունից։
Մասնավորապես, տուժող Հարություն Օհանյանի ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը նշեց` 2021 թ․ ընդունված եւ 2022 թ․ ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթներով սահմանված է, որ այն քրեական գործերը, որոնցով մինչեւ այդ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով, այսինքն՝ 1998 թ․ օրենսգրքով։ Գործը ըստ էության քննած նախորդ դատավորները հենց այդպես էլ վարվել են․

«Պատվարժա՛ն դատարան, Դուք Ձեր բացման խոսքում հայտնեցիք, որ սույն քրեական գործը շատ զգայուն է, այն կապված է 44-օրյա ողբերգական պատերազմի հետ։ Սույն գործով անցնում են բազմաթիվ վկաներ, տուժողի իրավահաջորդներ, առկա են բավական քանակության ապացույցներ։ Նախկին դատաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։ Դատաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։ Դատաքննությունը նորից սկսվելու դեպքում այն կտեւի տարիներ, որի արդյունքում էական վնաս կպատճառվի սույն գործով տուժող եւ տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի օրինական շահերին կխախտվի արդար դատաքննության սկզբունքը։ Իսկ եթե քրեական գործով դատաքննությունը շարունակվեր 1998 թ․ սեպտեմբերի 1-ին ընդունված օրենսգրքի կարգով, ապա այն միայն կվերսկսվեր։ Դատարանը այդ դեպքում հնարավորություն կունենար շարունակելու դատաքննությունը»,- իր ելույթում նշեց տուժող Հարությունյուն Օհանյանի ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը՝ միջնորդելով դատարանին ինքնաբացարկ հայտնել։
Տուժող կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը․ «Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ օրենքն անընդհատ փոխվում է, ի վերջո կարելի է էս գործին վերջ դնել, գուցե Ձեր պաշտոնն էլ են բարձրացնում, ի՞նչ է լինելու այս գործի վիճակը, Դուք, որպես մարդ, ոնց եք պատկերացնում մեր վիճակը»,- վրդովվեց տուժողի իրավահաջորդ Հակոբ Խալաթյանը։
«ՀՀ-ում շատ չեն այն գործերը, որոնցում 18 տուժողի իրավահաջորդ կա»
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը եւս միացավ միջնորդությանը՝ որպես հիմնավորում մեջբերելով մեկ այլ՝ ԵԴ0535/01/21 գործով Վերաքննիչ դատարանի որոշում, որով արձանագրվել է, որ տվյալ գործը ի սկզբանե վարույթ է ընդունվել նախկին օրենսգրքով սահմանված կարգով, ուստի վերամակագրման եւ դատավորի փոփոխության դեպքում նույնպես քննությունը պետք է շարունակվեր իրականացվել նախկին օրենսգրքի սահմանված կարգով։ Հաշվի առնելով, որ այդ գործը քննող առաջին ատյանի դատարանն այդպես չի վարվել՝ Վերաքննիչ դատարանը այն որակել է դատական սխալ, քրեադատավարական օրենքի խախտում, բեկանել դատական ակտն ու գործը հետ ուղարկել առաջին ատյան՝ հին օրենսգրքով սահմանված կարգով վրա նոր քննության։
Նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը նշեց՝ դատարանները տարբեր մեկնաբանություն ունեն այս հարցի կապակցությամբ եւ փաստել, որ բոլոր դատավորները միանշանակ նախկին օրենսգրքի կարգավորումներով են շարունակել, ճիշտ չի լինի։

Մեղադրողն ընդգծեց այն հանգամանքը, որ այդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, եւ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Դատավորն էլ նկատեց՝ ինքը կաշկանդված չէ Վերաքննիչ դատարանի այդ որոշմամբ։
«Պատվարժա՛ն դատարան, Ձեր այդ դիրքորոշումը տարակուսելի է, որովհետեւ Վերաքննիչ դատարանը հստակ արձանագրել եւ բեկանել է, եւ եթե Վճռաբեկ դատարանը օրենքի միատեսակ կիրառման խնդիր տեսներ, բողոքը վարույթ կընդուներ։ Հիմա ինչո՞ւ է կարեւոր, որ սույն գործի քննությունը շարունակվի հին օրենսգրքի կանոններով, որպիսի որոշում կայացնել Ձեզ ոչ ոք չէր արգելել։ Նախորդ նիստի ընթացքում ես շատ կարճ ասացի՝ ինչումն է խնդիրը, Դուք ինքներդ էլ փաստեցիք՝ մենք ինչ տեսակի քրեական գործի հետ գործ ունենք, շատ չեն ՀՀ-ում գործերը, որոնցում գործ ունենք 18 տուժողի իրավահաջորդի հետ։ Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրացման համար մենք արդյո՞ք չպիտի գործադրենք օրենքով վերապահված բոլոր հնարավորությունները։ Դուք եւս շահագրգռված եք գործի արդար քննությամբ, եւ ես դրանում համոզված եմ՝ հաշվի առնելով Ձեր անձը, Ձեր մասնագիտական ունակությունները։ Եվ ինձ համար ինքնաբացարկը խնդիր չէ, այլ որ վարույթը շարունակվի Քրեական դատավարության հին օրենսգրքի կանոններով»,- ասաց մեղադրողը՝ միջնորդելով, որ դատավորը կամ ինքնաբացարկ հայտնի, կամ արձանագրային որոշմամբ նշի, որ փոփոխում է վարույթը ստանձնելու իր որոշումն ու քննությունը սկսում հին օրենսգրքի կարգով։
Դատավորի հարցին՝ արդյոք դատարանը ունի լիազորություն արձանագրային որոշմամբ այդ փոփոխությունն անելու, Հայկ Մարգարյանը պատասխանեց հարցով․ «Արդյոք դատարանն իրավասություն ուներ նոր օրենքով նախնական դատալսումներ սկսելու եւ ասելու, որ նախորդիվ նշանակված փորձաքննությունը շարունակվում է»։
Պաշտպանական կողմը հարցի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։
«Չեմ ուզում դատական ակտ կայացնելը քամուն տալ»
Նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը, լսելով կարծիքները, որոշեց մերժել միջնորդությունը։
«Դատարանը հաշվի է առնում սույն գործի զգայուն բնույթը, կողքից դիտորդի աչքով հնարավորինս ընկալելի է։ Ողջամիտ քննության առաջնային հասցեատերը մեղադրյալն է, բայց դատարանը ձեր դրության մեջ մտնում է, Դուք եւս արդարության ակնկալիք ունեք»,- դիմելով տուժող կողմին՝ ասաց նա՝ հավելելով, որ պատասխանատվություն չի կրում նախորդ դատավորների արածի կամ չարածի համար, սակայն հատկանշական է համարում ընդգծել, որ ուսումնասիրել է գործի նյութերը եւ կարծում է, որ հնարավոր սեղմ ժամկետում կարող է իրականացնել գործի քննությունը։

Դատարանի այս դիրքորոշումը վրդովեցրեց դահլիճում գտնվող որդեկորույս ծնողներին, որոնք հայտարարեցին, որ բոյկոտում են դատական նիստը․ «Դուք հաշվի չեք առնում մեր իրավունքները, մենք հույսներս դրել ենք դատարանի վրա, բայց դատարանն էլ մեր հանդեպ արդար չէ։ Սեղմ ժամկետում ո՞նց եք քննություն իրականացնելու, երբ մի վկայի հարցաքննությունը տեւում է 2-3 նիստ, եւ ամեն անգամ մարդ չի կարողանում գալ․․․ Էն դատարանում՝ 2 տարի, մյուսում՝ 6 ամիս, էստեղ՝ 2, դա ճիշտ չէ, մենք դուրս ենք գալիս»,- հայտարարեց տուժող Հարություն Օհանյանը՝ մյուսների հետ միասին լքելով նիստերի դահլիճը։
Տուժողների բացակայությամբ կողմերը շարունակեցին քննարկել գործի քննությունը սկզբից սկսել-չսկսելու հետ կապված տեսական հարցեր, դատավորը արձանագրեց՝ չի ուզում դատական ակտ կայացնելը քամուն տալ։
Նիստի վերջում հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը գույքային հայց հարուցելու միջնորդություն ներկայացրեց, խնդրեց մեղադրյալին ճանաչել գույքային պատասխանող եւ նրանից բռնագանձել նրա գործողությունների հետեւանքով պետությանը ուղղակիորեն պատճառված 21 միլիոն 157 հազար ՀՀ դրամը։
Մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սույն պարագայում դատարանը որեւէ այլ բան չունի անելու, քան հայցը ընդունել եւ մեղադրյալին ճանաչել գույքային պատասխանող՝ իրենց ողջամիտ ժամանակ տրամադրելով հայցին պատասխանելու համար։
Դատավորը պարզաբանեց՝ իր համոզմամբ՝ օրենսդրի տրամաբանությունն այն է, որ պետք է նույն անձին կրկնակի կարգավիճակ տրամադրելու իրավիճակներից զերծ մնան, այսինքն՝ գույքային պատասխանող ճանաչելու ինստիտուտը վերաբերում է մեղադրյալից տարբերվող այլ անձի, որովհետեւ այն բոլոր դատավարական ընթացակարգերը, որ գույքային պատասխանողի դեպքում պետք է պահպանված լինեն, մեղադրյալի կարգավիճակից ելնելով արդեն իսկ պահպանված են։ Այլ խոսքով՝ դատավորը մեղադրյալին գույքային պատասխանող չճանաչեց, սակայն ժամանակ տրամադրեց հայցին պատասխան ներկայացնելու համար։
Հաշվի առնելով տուժողների բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի հոկտեմբերի 24-ին։