armenpress.am Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ցույցերից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է 33 անձ։
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:
Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք՝ այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս դատարանի որոշմամբ 2 ասով կալանավորվել է։
Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել էքրեական վարույթ։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 2 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։