Փաստաբանը չի կարող հետապնդվել իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ. Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի բերման ենթարկմանը․

«Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին:
Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ:

Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից:
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է:

Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը:

Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն