Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերները՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր ևս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: