Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կիրակի օրը Սուրբ Հովհաննավանքում պատարագի է հրավիրում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան։
Հայտնի ձայնագրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիրը Կարգապահական հանձնախմբի նախագահի հետ իր խոսքն ավարտում է այս կարևոր հայտարարությամբ, որն այսօր առավել քան արդիական է և ես էլ վերջինը չեմ լինի ցավոք։
Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։
Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։
Այժմ ունենք այն, ինչ ունենք։
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։