armenpress.am Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեից:
«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցի ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 7 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեիում քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք պահանջելու-ստանալու հոդվածով։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:
Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք՝ այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 3 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։