Հայաստանի ճարտարապետների պալատը, հերքելով «Արթուր Թարխանյան կենտրոն»-ի հայտարարությունը, այլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստին որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները։
Նշենք, որ «Արթուր Թարխանյան կենտրոնը» հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ։ Հայտարարությունը ստորագրել էին Ճարտարապետների պալատի հարյուրից ավելի անդամներ։
Հայաստանի ճարտարապետների պալատից նշում են, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումները պալատում սկսվել են հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո։
«Հուշարձանի տարածքում Պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը։
Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ։
Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մշտապես եղել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պահպանության, վերականգնման և արժանապատիվ վերաբերմունքի հարցերի առաջնագծում։
«Մենք համոզված ենք, որ նման կարևորության խնդիրները պետք է կարգավորվեն միայն մասնագիտական համագործակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հավատ, զգոնություն և խոհեմ մոտեցում՝ հանուն հայ ժողովրդի պատմական այս բացառիկ հուշարձանի ամրակայման և պահպանության։ Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ»,- նշվում է Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարությունում։
Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության / 07․10․2025, ԿԳՄՍ նախարարի այցը հուշահամալիր