ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համոզմունք է հայտնել, որ Գազայի հրադադարը իր ավարտին կհասնի։ Այդ մասին նա հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող, ամերիկաիսրայելական հրադադարի համակարգման կենտրոն այցի ժամանակ, փոխանցում է Times of Israel-ը։
Վենսը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ Իսրայելում է՝ ամրապնդելու փխրուն հրադադարը և երաշխավորելու, որ բոլոր կողմերը հավատարիմ են դրա իրականացմանը։
Նրա այցը կենտրոն հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված զգուշացմանը, որ ինքը կարող է միջազգային ուժեր ուղարկել Գազա «Համաս»-ին դիմակայելու համար, երբ վերջինս խախտի հրադադարի համաձայնությունը՝ նշելով, որ դեռևս հետաձգում է իր այդ քայլը՝ այդպիսով «ահաբեկչական խմբին ուղղվելու հնարավորություն տալով»։
«Մեկ շաբաթ է անցել Մերձավոր Արևելքում նախագահ Թրամփի՝ պատմական խաղաղության պլանի մեկնարկից, և իրադարձությունները ավելի լավ են ընթանում, քան ես սպասում էի»,- ասել է Վենսը և նշել,- «Այստեղ՝ քաղաքացիառազմական համագործակցության կենտրոնում, որի բացումն ենք մենք հայտարարում, իսրեյելացիներ և ամերիկացիներ ունեք, որոնք, ձեռք ձեռքի տված, աշխատում են՝ փորձելով տալ Գազայի վերակառուցման նախագծի մեկնարկը, որպեսզի իրականություն դառնա երկարատև խաղաղությունը և իրականում երաշխավորվի, որ դուք անվտանգությայն ուժեր ունեք Գազայում, որոնց կազմում ամերիկացիներ չկան, և որոնք կպահպանեն խաղաղությունը երկարատև ապագայում»։
Բացի Իսրայելի և Միացյալ Նահանգների զինվորականներից և քաղաքացիական անձանցից՝ համակարգման կենտրոնում հյուրընկալվել են նաև Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Դանիայից և Հորդանանից զինվորականներ։ Չնայած նրանց ներկայությանը՝ դեռևս պարզ չէ, թե որ երկրները կհամաձայնեն զինված ուժեր ուղարկել Գազա ՄԱԿ-ի մանդատով միջազգային կայունացման ուժերի կազմում, ինչի շուրջ քննարկումը, ինչպես Վենսը նշել է, դեռևս նախնական փուլում է։
Հստակ է միայն մեկ բան․ Վենսը հայտարարել է՝ «Գազայում ամերիկյան զորք չի լինի», դրա փոխարեն Միացյալ Նահանգները «այլ օգտակար կոորդինացիա» կապահովի։
«Ինչպե՞ս եք տանելու սա՝ Ծոցի երկրներ, գումարած Իսրայել, գումարած թուրքեր, գումարած Ինդոնեզիա»,- հարց է ուղղել նա, ապա հավելել, – «Ինչպե՞ս եք կարողանալու աշխատեցնել նրանց միմյանց հետ այնպես, որ իրապես ապահովվի երկարատև խաղաղություն։ Միակ իրական միջնորդը Միացյալ Նահանգներն է։ Ահա այն դերակատարումը, որը մենք պատրաստվում ենք ունենալ»։
Վենսը նաև քննադատել է ամերիկյան և արևմտյան մեդիայի «տարօրինակ վերաբերմունքը»՝ մասնավորապես նշելով, որ «երբ որևէ վատ բան է տեղի ունենում, բռնության որևէ ակտ, հայտարարվում է՝ «սա հրադադարի, խաղաղության պլանի վերջն է»։
«Սա վերջը չէ։ Հստակորեն տեղի է ունենում այն, ինչ լինում է, երբ երկու մարդ, որոնք կռվել են միմյանց դեմ երկար ժամանակ, դադարում են ատել իրար։ Ամեն ինչ լավ է գնում»,- հայտարարել է նա։