ՔՊ պատգամավորների համար զարմանալի է Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրմանը ընդդիմադիրների դեմ լինելը | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը զարմանում է, թե ինչու է ընդդիմությունը դեմ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի Հայաստան ներկրմանը:

Այս մասին Թունյանը հայտնեց խորհրդարանի նիստի ընթացքում:

«Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ և ուղիղ, առանց մանևրելու, ուղիղ ասել՝ տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Թունյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հավելեց՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ընդդիմությունը նշում էր, որ այն օգուտ է տալու Ադրբեջանին, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանալու, մինչդեռ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը հենց Հայաստանին է ձեռնտու:

«Երեկ Ադրբեջանի նախագահն ասել է, որ սահմանափակումը հանելը ևս մեկ ապացույց է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ նաև՝ իրականություն: Հիմա ինչո՞ւ հերթով չեք գալիս, սիրում եք չէ՞ Ալիևին ցիտել, հերթով եկեք, ցիտեք»,- ասաց Ռուբինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ