«ՀՀ էկոնոմիկայի նախարարը ո՞վ է՝ Իլհամ Ալիևը, թե՞ Գևորգ Պապոյանը, ինչո՞ւ ենք Ալիևից իմանում»․ Գեղամ Մանուկյան | aravot.am

aravot.am

«Ասում են՝ տեսեք՝ Ադրբեջանով գալիս է ցորենը։ Շատերը փոքր են եղել, չեն հիշի, որ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993-ին Թուրքիան փակի օդային սահմանը և այլն»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ արձագանքելով ՔՊ-ականների ոգևորությանը՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այնուհետև վրդովվեց, որ այս մասին ոչ թե ՀՀ-ից ենք իմացել, այլ Ադրբեջանի նախագահից:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարն՝ ո՞վ է՝ Իլհամ Ալիևը, թե՞ Գևորգ Պապոյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Կոկաևի հետ հանդիպումից հետո ասում է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է ՀՀ, որից հետո Գևորգը Պապոյան կրկնում է Ալիևին։ Ինչի՞ պիտի ՀՀ-ից չիմանայինք։

Առաջին պահին տպավորություն է, որ երկաթուղով ցորենը գալու, մտնելու է Իջևան, բայց չէ, էլի գալու, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։ Էդ դիվերսիֆիկացիան, որ ասում եք՝ դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից, ՌԴ-ից, բայց էլի գալու էր, մտներ Վրաստան, Վրաստանով՝ ՀՀ։

Արդեն տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Փոխադարձության սկզբունքը ո՞րն է։ Ես պատրաստ եմ՝ մեկդ, եթե հոդաբաշխ, ոչ թե սմս-ով ստացած նախադասությամբ ինձ բացատրի, թե այդ ձևակերպումը երբ ու ոնց է եղել, ում կողմից, ես պատրաստ եմ ցանկացած ձեր պահանջը կատարել։ Ոչ մեկդ էլ չգիտեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է իր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռներ տեղափոխելու սահմանափակումները, ու նշել, որ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի տեղափոխումն է եղել դեպի Հայաստան։ Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է տեղեկությունը ու հայտնել, որ Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Հայաստանը ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին, այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն