2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով: Պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի քան 12 տարի նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ներկայում ևս չի օգտագործվում․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Տավուշի մարզի դատախազության կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):
Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին»,- ասված է հաղորդագրությունում։