Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով
«2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։
Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը՝
– կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ,և
– մինչ այդ, ապահովել, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։
Այս որոշման կատարումն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվության ներքո։ Դատարանի կողմից կիրառված 39-րդ կանոնի միջոցները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար,- նշել է փաստաբանը։