factor.am «Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում, հակառակը: Դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցում արված հայտարարությանը։
«Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, կատարվել են էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն: Ու սա իմանալով՝ դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին։ Ես հո գիտեմ՝ դուք, ձեր ընտանիքը, ընկերները չեք ուզում, որ ձեր երեխաները մեծանան մի քաղաքում, որտեղ Վարդան Ղուկասյանն է քաղաքապետ»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ դիմելով Մարտուն Գրիգորյանին։
Նշենք, որ Մարտուն Գրիգոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ իշխանությունների սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում։ «Եվ ուզում են, որ այդ ամենը լինի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքների անդամների միջեւ։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է այդ սցենարը, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երեւում է։ Պիտի ուշադիր լինենք, զգոն լինենք»,- նշել էր Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Կալանավորվել են նաև Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:
Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը:
Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 3 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։