Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ինչպես արդեն ՔԿ-ից հայտնել են, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում՝ նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ:

19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով  կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Կալանավորվել են նաև Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:

Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկների դեպքի առնչությամբ 3 տասնյակից ավելի անձ է ձերբակալվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն