hetq.am Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակի առաջին համարը զբաղեցնող թեկնածուի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այդ հարթակները լցված են ոչ միայն իշխանական թեկնածուի քարոզչական նյութերով, այլև գովազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հրապարակելով, օրինակ, համայնքի Շահումյան գյուղում գրասենյակի բացման տեսանյութը և այլն: Այսինքն՝ ակնհայտորեն օգտագործվում է վարչական ռեսուրս, որը մոտ մեկ ամիս է՝ չեն «նկատում» պատկան մարմինները:
Այսօր՝ 2025թ. հոկտեմբերի 22-ին, պաշտոնապես մեկնարկել է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին: Սակայն, մինչ այս էլ քաղաքական ուժերը զբաղվում էին քարոզչությամբ: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Խոյ համայնքում ցանկացած միջոցառում անցկացվում է Արգիշտի Մեխակյանի մասնակցությամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արմավիրի մարզպետարանը, Խոյի համայնքապետարանը և այլ գերատեսչություններ ու մարմիններ իրենց պաշտոնական հաղորդագրություններում ևս այդ մասին հիշատակումներ են արել՝ հրապարակելով նաև լուսանկարներ: Տպավորությունն այնպիսին է, որ Ա. Մեխակյանը նաև Խոյ համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ Խոյ և Վաղարշապատ համայնքները միացվում են, և նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքներով ունենալու են մեկ համայնքի ղեկավար: Սակայն, մինչ այդ Խոյ համայնքն ունի իր ղեկավարը, համայնքապետարանն աշխատում է իր աշխատակազմով, և Արգիշտի Մեխակյանը որևէ առնչություն չունի այդ համայնքի կառավարմանը: Նրան պարբերաբար Խոյ համայնքի միջոցառումներին հրավիրելը, համայնք այցելած պաշտոնյաների հետ որպես համայնքի ղեկավար շրջելն ու այդ ամենը լուսաբանելն ու ցուցադրելը ևս քարոզչության ու վարչական ռեսուրսի օգտագործման դրսևորումներ են՝ արդեն պետական մակարդակով:
Գուցե շփոթմունք առաջանա, որ Ա. Մեխակյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է և հենց այդ նպատակով է հրավիրվում, սակայն հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ նա Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, ոչ թե Խոյի, հետևաբար որևէ լիազորություն չունի Խոյ համայնքի նկատմամբ: Մյուս կողմից իշխող կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ Վաղարշապատի ընտրություններում համայնքապետի իր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է: Նրան, ազատելով Արմավիրի մարզպետի պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. հուլիսի 15-ին նշանակեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս նշանակմամբ հիմք դրվեց վարչական ռեսուրսի օգտագործման՝ հօգուտ իշխանական թեկնածուի:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինում էր առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն, նա 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:
2025թ․ նոյեմբերի 16-ին նշանակված Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: Ընտրապայքարի մեջ են մտել «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը: Փաստացի նա պետք է հսկողություն իրականացներ իր աշխատակազմի նկատմամբ, մինչդեռ ստացվում է, որ նրա իմացությամբ կամ թողտվությամբ են համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի աշխատակիցները բնակավայրի սոցիալական էջերով տարածում ՔՊ-ի և Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը: Այստեղ Լ. Յայլոյանն ունի ակնհայտ շահագրգռվածություն, քանի որ ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում ինքը ևս ընտրվում է:
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրապիոն Շառոյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են կառավարում բնակավայրերի անուններով բացված ֆեյսբուքյան էջերը: Նշեց, որ բնակավայրերի աշխատակազմերն են դրանք օգտագործում և նյութերը տեղադրում:
Հարցին, թե ինչու են այդ էջերը ծառայում որպես թեկնածուներից մեկի քարոզչական հարթակ, Գ. Շառոյանն ասաց, որ բնակավայրերի սոցիալական էջերին հետևելու ժամանակ չունի, չի հետևել և տեղյակ չէ տարածվող բովանդակության մասին: Սա այն դեպքում, երբ մեկ ամիս շարունակ պարբերաբար նման նյութեր են տարածվում:
«Խոստանում եմ, այսօր կզբաղվեմ այդ հարցով»,- ասաց Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Բնակավայրերի անուններով բացված սոցիալական էջերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչությունը բխում է ոչ միայն Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի, այլև հենց վարչական ղեկավարների շահերից, քանի որ նրանք նույնպես ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում: Մինչ այդ, նշված էջերը նախատեսված են եղել բացառապես բնակչությանը իրազեկելու, հայտարարություններ հրապարակելու, համայնքային միջոցառումների մասին տեղեկացնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


