1lurer.am Երբ խոսել եմ «Վեհարանը վեհի՛» նախաձեռնության մասին, դրա առանցքային պատճառներից մեկն այն է, որ այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ կա՛մ չկա, կա՛մ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով: Խնդրի արծարծման կարևորագույն պատճառներից մեկն այդ թվում այն արձանագրումն էր, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցն այն է, որ հանրության արժեքների էպիկենտրոնն աղտոտված է: Ինչպե՞ս է հնարավոր, որ դա տեղի ունենա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքով է պայմանավորված այս կիրակի Հովհաննավանքում պատարագին մասնակցելու իր որոշումը:
«Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով: Վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր, և ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է,- ասաց նա և հավելեց,- վարկաբեկման ամբողջ ապարատը, որը, ինչպես իմացանք այս ընթացքում, Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն, որևէ կերպ չկարողացավ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը, և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, որոնք ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հովհաննավանքը, ինչպես այլ հուշարձաններ, Կառավարության հաշվեկշռում են, և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված ՀԱԵ-ին:
«Կարծում եմ՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյք երեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական [իրավունքները], որ մենք այդ հուշաձանները կվերադարձնենք հանրությանը, և Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը:
Ես ինքս էլ՝ որպես քաղաքացի, հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ՝ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են: Կարծում եմ, որ, համենայնդեպս, նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է: Ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։