armenpress.am Նոր Զելանդիայում տեղի է ունենում պետական հիվանդանոցների և հանրակրթական ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը։ Ինչպես հաղորդում է Radio New Zealand-ը, բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 100,000 ուսուցիչներ, բուժքույրեր և բժիշկներ, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից։
«Կառավարությունը կտրված է իրականությունից և, կարծես, չի գնահատում բժիշկների և ուսուցիչների աշխատանքը», – ասել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի, ինչպես նաև Նոր Զելանդիայի արհմիությունների խորհրդի ներկայացուցիչ Ռիչարդ Վագստաֆը։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար «արհմիությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։ «Նորզելանդացիները տուժում են, երբ արհմիությունները նման գործողություններ են ձեռնարկում՝ փոխարենը նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա: