factor.am Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 23-ի գիշերը հարվածներ են հասցրել Կիևին, Խարկովի և Սումիի մարզերին։ Current time-ի փոխանցմամբ՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, որոնցից հինգը բուժաշխատողներ են։
Կիևի Պոդոլսկի շրջանում հրդեհներ են բռնկվել երեք բնակելի շենքերում, պայթյունի ալիքը վնասել է տարբեր հասցեներում գտնվող մի քանի շենքերի պատուհանները, մեքենաներ են այրվել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ մասամբ փլուզվել է բարձրահարկերից մեկի տանիքը և երկու բնակարանները, իսկ հինգհարկանի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բիզնես կենտրոն է վնասվել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներից մեկի հրամանատար Յուրի Չիստիկովը մահացել է Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում հրդեհը մարելիս: Գործակալության տվյալներով՝ ռուսական ռազմական ուժերը կրկին հարված են հասցրել փրկարարների աշխատանքի ժամանակ: Եվս հինգ փրկարար վիրավորվել է։