Կասկադի անավարտ հատվածը կվերականգնվի. կառավարությունը հավանություն տվեց ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում էր «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» նախագիծը, որն ուղղված է «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրագործմանը:

Նախագծի հեղինակը Երևանի քաղաքապետարանն է: Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ  նախագիծը կիրականացվի 4-5 տարում՝ ընդգծելով, որ այդ գործընթացի նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված։

Ըստ հիմնավորման՝ կվերականգնվի կասկադ համալիրի անավարտ հատվածը, կկառուցվեն որակապես համայնքապատկան նոր համերգասրահ՝ նախատեսված 1000 հոգու համար, որն ապահովված կլինի ժամանակակից լուծումներով և հնարավորություն կտա հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող ստեղծագործողների և խմբերի, ինչպես նաև նոր ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել աշխարահռչակ նկարիչների ցուցադրություններ, համագործակցել աշխարհի տարբեր հռչակավոր պատկերասրահների հետ և այդպիսով մշակութային կյանքին հաղորդել նոր որակ ու սահմանել նոր նշաձող, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը:

«Համաձայն «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի՝ հարակից հատվածում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը կգտնվի ներդաշնակության մեջ ակռա և ստեղծվելիք միջավայրի հետ և կամբողջացնի տվյալ հատվածի քաղաքաշինական պատկերը, կկառուցվի նոր քաղաքային այգի, կյանքի կկոչվի քաղաքի երկու հատվածները իրար միացնելու Ալեքսանդր Թամանյանի մտահղացումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ»,- ասվում է հիմնավորման մեջ:

Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերականգնման նախագծի իրականացման նպատակով ներդրողի ներգրավելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հայտարարած բաց մրցույթի արդյունքներով հաղթել է միակ մասնակիցը՝ «Ջի Ջի Ջի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ:

«Կառուցապատող ընկերությունը [բացի մրցույթի փաթեթով առաջարկված ներդրման գումարից] Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով, նաև իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ»,- հայտնեց Ավինյանը:

Այսինքն՝ տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։ Ներդրողը պետությունից գնելու է տարածքի 4․8 հեկտարը՝ կառավարությունը համաձայնությամբ տարաժամկետ վճարելով: Կանաչապատվելու է տարածքի 1․8 հեկտարը: Պայմանագրի գործողության ժամկետը  5 տարի է։ Մինչ գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված՝ հօգուտ Երևան համայնքի։

Նշենք, որ Ակտիվ քաղաքացի հարթակում քվեարկությամբ հաղթել էր սույն նախագիծը:

2024թ. մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի «Կասկադ» համալիրի վերևի հատվածը, որի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից, վերադարձվել է Երևանին: Մինչ այդ Կասկադի անավարտ հատվածը հասարակական կառուցապատման նպատակով որպես սեփականություն տրամադրվել էր «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին, որը պետք է ավարտուն տեսքի բերեր այն, սակայն տարբեր պատճառներով հարցը ձգձգվել էր, իսկ խնդիրն այդպես էլ մնացել էր չլուծված: Դրանից հետո հայտարարվեց, որ այդ հատվածում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ՝ համալիրն ավարտուն տեսքի բերելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ