Արցախի նախկին բնակիչ Մերի Ղարայանը Հայաստանում չի վերցվել ժամանակավոր պաշտպանության ներքո՝ չնայած իր բռնի տեղահանված լինելու հանգամանքին։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը մերժել է Ղարայանի դիմումը՝ պատճառաբանությամբ, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
Ղարայանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումն ու խնդրելով դատարանին վերջինիս պարտավորեցնել իրեն վերցնել ժամանակավոր պաշտպանության ներքո եւ տրամադրել փախստականի կարգավիճակ։
2024 թ․ օգոստոսին դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել եւ այսօր՝ ավելի քան 1 տարի անց, հրապարակել է վճիռը։
Ըստ հայցվորի՝ ԼՂ բնակչության վրա տարածվել են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները
Այսպես․ հայցադիմումում Ղարայանը պնդել է, որ վարչական մարմինն իր նկատմամբ դրսեւորել է կամայական մոտեցում, ինչը հանգեցրել է իր իրավունքների խախտմանը․
«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած Արցախի բնակիչների հետ համատեղ տեղահանված, ամբողջ կարողությունը եւ ստեղծածը Արցախում թողած Արցախի նախկին բնակչուհին, ով դարձել է սեպտեմբերյան դեպքերի զոհը եւ ստիպված է եղել տեղափոխվել ՀՀ, այսօր բախվել է վարչական մարմնի կողմից դրսեւորվող կամայական մոտեցման, քանի որ էական փաստական հանգամանքների միջեւ տարբերության բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ դրսեւորել է անհավասար մոտեցում»,-նշել է նա։
Ըստ հայցվորի՝ վարչական մարմնի կողմից մատնանշված ՀՀ քաղաքացի հանդիսանալու միակ եւ եզակի, իբրև թե, հիմքը, չի կարող հանդիսանալ այն էական տարբերվող փաստական հանգամանքը, որի հիման վրա անձի նկատմամբ պետք է կիրառվեր այլ մոտեցում։
Այս համատեքստում հայցվորը հղում է կատարել Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-11 համատեղ որոշման 3-րդ կետին եւ պնդել՝ համաձայն դրա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները․
«Այսինքն՝ ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվել են ՀՀ պաշտպանության տակ: Այս նորմի տրամաբանությունը հանգեցնում է այն հետեւության, որ այսօր էլ ԼՂ բոլոր բնակիչները համարվել եւ համարվում են քաղաքացիներ»։
Մերի Ղարայանը դատարանին է ներկայացրել նաեւ ամուսնու անձը հաստատող փաստաթղթի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն ու փախստականի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը եւ պնդել, որ դրանով հիմնավորվում է այն, որ անձը, ունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, ըստ այդմ՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի, վերցվել է ժամանակավոր պաշտպանության տակ․
«Փաստացի, ՀՀ Կառավարության որոշման շահառու հանդիսացող անձանց գերակշռող մեծամասնությունն ունեցել է ՀՀ անձնագիր, այսինքն՝ հանդիսացել է ՀՀ քաղաքացի: Սա արդեն իսկ վկայում է, որ չի կարող խոսք լինել այն մասին, որ Ղարայանին պաշտպանության կարգավիճակի շնորհումը մերժվել է՝ ելնելով զուտ այն հանգամանքից, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի»,- ասված է հայցադիմումում։
Ըստ Միգրացիոն ծառայության՝ ՀՀ-ում հաշվառումը դադարեցնելը չի հանգեցնում քաղաքացիության դադարեցմանը
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հայցադիմումի պատասխանում նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման, ինչպես նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, որոնք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով չեն ստացել ՀՀ քաղաքացիություն եւ ներկայումս չունեն նաեւ այլ պետության քաղաքացիություն, վերցվել են միջազգային պաշտպանության ներքո։
Սույն դեպքում Մերի Ղարայանը 2013 թ․-ին առաջին անգամ անձնագրավորվելու եւ հաշվառվելու դիմում է ներկայացրել Ծառայության Գորիսի բաժին եւ հաշվառվել ՀՀ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ստանալով 032 կոդով անձնագիր․ որպես հիմք նշվել է ԽԱՀՄ ծննդյան վկայականը։ Այնուհետեւ՝ 2019-ին, Հայցվորը դուրս է եկել ՀՀ հաշվառումից եւ հաշվառվել ԼՂՀ, Ստեփանակերտ քաղաքի հասցեում՝ ստանալով 070 կոդով անձնագիր։
«Այսինքն՝ Հայցվորը 2019 թվականին փոխել է բնակության եւ հաշվառման հասցեն, որով, սակայն, չի դադարել լինել ՀՀ քաղաքացի, քանի որ ՀՀ քաղաքացիություն դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ վերջինիս քաղաքացիության դադարեցման վերաբերյալ Ծառայությունում տեղեկատվություն առկա չէ»,- նշել են Միգրացիոն Ծառայությունից։
Դատարանը եզրահանգել է՝ պետությունը չի կարող փախստական ճանաչել սեփական քաղաքացուն
Վարչական դատարանը, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վճռել է մերժել հայցը։
Դատարանը նախ արձանագրել է, որ գործով հաստատված եւ չվիճարկվող փաստ է, որ Հայցվորը հանդիսանում է ՀՀ քաղաքացի:
Անդրադառնալով ՀՀ կառավարության 26.10.2023 թվականի թիվ 1864-Ն որոշմանը՝ դատարանը ընդգծել է՝ դրանով ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում՝
- ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք
- ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում,
- այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
- Ընդ որում, նույն որոշումը չի տարածվել վերը նշված անձանցից նրանց նկատմամբ, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:
Ըստ այդմ, դատարանը նշել է՝ սույն որոշումը կիրառելի չէ հայցվորի նկատմամբ, քանի որ նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
Անդրադառնալով Հայցվորի այն փաստարկին, որ վերոնշյալ «այլ պետություն» եզրույթը սույն իրավիճակում պետք է վերաբերի այն քաղաքացիներին, որոնք ԼՂՀ կամ ՀՀ քաղաքացիությունից զատ, այլ օտարերկրյա պետության քաղաքացի են՝ դատարանն այն անհիմն է որակել․
««Փախստականների կարգավիճակի մասին» 1957 թվականի կոնվենցիայի եւ դրա հիման վրա ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը այն անձանց միջազգային պաշտպանության տրամադրման իրավական հիմքեր նախատեսելն է, ովքեր գտնվում են իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության (քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում) պետությունից դուրս՝ այլ պետության տարածքում, չունեն իրավական կարգավիճակ տվյալ պետությունում և համապատասխանում են «փախստական» հասկացության հիմքերից որևէ մեկին․․․ Ուստի, պետությունը չի կարող փախստական ճանաչել սեփական երկրի քաղաքացուն»։
Միաժամանակ դատարանը նշել է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ քաղաքացի լինելը սահմանված չէ որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման մերժման իրավական հիմք․ «Հայցվորի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը սահմանափակված լինելու մասին որեւէ փաստարկ չի ներկայացրել նաեւ Հայցվորը՝ հայցադիմումով կամ բանավոր՝ դատավարության ողջ ընթացքում․․․ Այլ կերպ ասած՝ Հայցվորը չի հիմնավորել այն հանգամանքը, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու արդյունքում վերջինս կհայտնվեր ավելի բարենպաստ պայմաններում, քան գտնվել է հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահին՝ որպես ՀՀ քաղաքացի»,- ասված է վճռում։
Նշենք, որ Ղարայանի ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ այս ընթացքում Ղարայանը սոցիալական որեւէ աջակցություն չի ստացել, դատարանը դա հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականություն իրենց վրա չի էլ դրել։
Լուսանկարը՝ Վայքի հավաքակայանից, 30-ը սեպտեմբերի, 2023 թ․