Սամվել Կարապետյանին աջակցող ցույցին մասնակցելու համար գումար առաջարկելու մեղադրանքով կալանավորվել է մեկ անձ

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի հորդորում ենք ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»,- նշում են Քննչական կոմիտեից :

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ